Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Թեմա՝ Ծիսական երգ-պարը երեխայի ֆիզիկական, ստեղծագործական և խոսքի զարգացման միջոց

Որակավորում՝ դաստիարակի օգնական

Մասնագիտություն՝ Նախադպրոցական կրթություն

Ուսանող՝ Վարդուհի Օսիպովա

Ղեկավար՝ Ինգա Անտոնյան

Քաղաք Երևան, 2018թ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1 Մանկավարժական մեթոդներ

ԳԼՈՒԽ 2 Խոսքի զարգացում

2.1 Խոսքի զարգացում

2.2 Երաժշտություն

2.3 Ունկնդրում

2.4 Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

2.5 Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ խաղեր

Գլուխ 3

3.1 Եզրակացություն

3.2 Գործածված գրականություն

Ներածություն

«Երեխան ի ծնե ազատության և ինքնադաստիարակման պահանջ ունի: Երեխաների ինքնաբուխ ակտիվությունն այդ միջավայրում բացահայտում է նրանց զարգացման ներքին ծրագիրը, իսկ մանկավարժի համապատասխան խնդիրն է չեզոքացնել այդ բնական զարգացման խոչընդոտները և հնարավորություն ստեղծել դրա շարունակական զարգացման համար։ Դաստիարակությունը կոչված է զարգացնել երեխայի կամքը, որն անձի կայացման կարևորագույն գործոնն է»: Մարիա Մոնտեսորի

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է նաև ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Ծեսերը, սովորույթները անգնահատելի դեր ունեն` յուրովի լրացնելով ավանդույթի ընդհանուր կառույցի առանձին կողմերը, որի շնորհիվ ավանդույթը դառնում է միասնական և ներդաշնակ մի ամբողջություն: Դրանցում ժողովուրդը հանդես է գալիս և՛ որպես ստեղծագործ, և՛ որպես գործիչ:

Հատկապես կարևորում ենք մանկապարտեզներում, դեռևս մանուկ հասակից, երեխաների մեջ սերմանել ծեսի նշանակությունը, դերը:

_DSC5273.JPG  _DSC5285

ԳԼՈՒԽ 1

Մանկավարժական մեթոդներ

Մանկավարժի գործունեությունն ուղղված է անձնավորության ձևավորմանը և
զարգացմանը։ Մանկավարժի գերխնդիրն ու առաքելությունը մարդկային էության
բացահայտումն է, հոգու կառուցումը։ Հասարակության կողմից կրթական
համակարգին ներկայացվող պետական պատվերը՝ ֆիզիկապես և հոգեբանորեն
առողջ սերնդի ձևավորումն է, որի իրականացնողը մանկավարժն է։ Մանկավարժը կատարում է ևս մեկ կարևորագույն գործառույթ, նրան է վստահված աճող սերնդի զարգացման աստիճանի գնահատման և վերահսկման պատասխանատու գործը։ Պատասխանատու լինելով ողջ հասարակության առջև, մանկավարժն հաշվետու է նախ ինքն իր առջև, նա անընդհատ շտկման և վերակառուցման է ենթարկում իր կողմից կազմակերպվող մանկավարժական գործունեությունը։ Նախադպրոցական մանկավարժության առարկան դաստիարակության գործընթացն է, նրա նպատակը, խնդիրները, բովանդակությունը, ձևերը, մեթոդները, նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության միջոցները:Նախադպրոցական մանկավարժության օբյեկտն է երեխան ծնվելուց մինչև նախադպրոցական տարիք ընկած ժամանակահատվածը, որի զարգացումը պայմանավորված է դաստիարակչական հարաբերություններով: Դաստիարակության մեթոդները դաստիարակի և երեխաների հատուկ կազմակերպված փոխազդեցությունն է մանկավարժական խնդրի լուծման նպատակով դաստիարակվողների գիտակցության, զգացմունքների, վարքի վրա ազդելու ճանապարհով:Մշակութաբանական մոտեցումը ընդգրկում է երկրի, շրջանի, մոտակա բնակավայրի պատմությունը: Մշակույթների երկխոսությունը երեխաներին մշակութային ավանդույթներին, սովորույթներին, նորմերին և կանոններին ծանոթացնելու հիմքն է:

_DSC5293     _DSC5295 

Գլուխ 2 

2.1 Խոսքի զարգացում

Մանկապարտեզում հատկապես ոչ մի զիջում չի կարելի կատարել: Երեխան բաց աչքերով նայում է հրաշք աշխարհին, և թե ինչ կլսի ու կտեսնի՝ մեզանից է կախված:  Երեխայի բաց հոգու աչքերի մեջ ամենազորեղը առաջին տպավորությունն է, և դա հետագայում սնում է նրա սիրտն ու հոգին: Այս առիթով ևս Կոմիտասն ասել է:

«Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը: Մանուկն ինչ զգացումի տակ որ ըլլա, այդ զգացումը կարտահայտե որոշ երգերով: Երգը ներքին հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժում մըն է, և պարն էլ ինքնին շարժում մը ըլլալով, երգը կզուգորդի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»: Կոմիտաս

Սկզբնական շրջանում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել մանկան արտասանությանը: Արտասանության նախնական ձևը բացականչությունն է: Մանուկը բացականչում է, արտահայտում է որոշ զգացումներ և նմանակում բնության ու կենդանիների ձայները: Բացականչելը ինչ զգացում էլ արտահայտի, պետք է խրախուսել և չպետք է արգելել: Մանկան ծանոթ ձայներին և բացականչություններին կարելի է ավելացնել նորերը՝ առաջնորդվելով ուսուցման հնարամիտ ձևերով:

Զանազան խաղերի միջոցով պետք է անել այնպես, որ երեխան անդրադարձնի այդ ձայները: Օրինակ՝ ծիտը ծլվլում, ծվծվում, ճտվտում է, ձայնն է՝ «ծիվ-ծիվ»: Երեխան ծիտիկի դերն է տանում և «լուսաբացին» ծվծվում է՝ ծիվ-ծիվ: Մյուսը աքլորն է՝ թևերը թափահարում և ավետում է լուսաբացը՝ ծուղրուղո՛ւ: Շունը քնաթաթախ մոռացնում և հաչում է աքլորի վրա՝ հա՜ֆ-հա՜ֆ: Կատուն սոված մլավում է՝ միա՛ու-միա՛ու:

Արտասանությունից երգերին անցնելիս էլ պիտի ընտրել այնպիսի երգեր, որ անցումը շատ կտրուկ չլինի: Այդ պատճառով էլ մանկանը նոր ավանդվող երգերի վերաբերյալ Կոմիտասը գրում է. «. Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդելով…» այնպես որ երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը: Այսինքն՝ երեխան պիտի չզգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը:

Image may contain: 7 people, people sitting 

2.2 Երաժշտություն

Երաժշտական դաստիարակության նպատակն է երեխաների մեջ ձևավորել հետաքրքրություն երաժշտության տարբեր ժանրերի նկատմամբ, զարգացնել երաժշտության ընկալումը, ձևավորել կատարողական ունակություններ, նպաստել ռիթմի ընկալմանը և երաժշտության տակ կատարվող ռիթմիկ շարժումների դրսևորմանը պարերում, երաժշտական խաղերում և այլ իմպրովիզացիոն իրավիճակներում: Երաժշտական դաստիարակությունը նպատակ ունի երեխաներին հաղորդակից դարձնել ազգային (հայկական ժողովրդական և ազգագրական երաժշտությանը) և համամարդկային երաժշտական մշակույթին:

Մանկապարտեզում երաժշտական դաստիարակության ուղղությամբ պետք է իրականացնել հետևյալ աշխատանքները.

1. Երաժշտության ունկնդրում – դաստիարակել հետաքրքրություն և հուզական վերաբերմունք տարբեր ժանրի երաժշտության նկատմամբ

2. Երգեցողություն – զարգացնել երաժշտության ընկալումը, ծանոթ ստեղծագործություններն ըստ նախանվագի կամ մեղեդու հիշելու և տարբերելու կարողությունը, ճիշտ ձայնակազմավորումը, ձայներանգի մաքրությունը: Երեխաները ձեռք են բերում որոշակի պատկերացում երաժշտական հնչյունի բարձրության, տեմբրի, հնչյունի ուժգնության մասին, երգերում և երաժշտական խաղերում ձգտում են կերպարի արտահայտիչ կատարմանը

3. Երաժշտառիթմիկ շարժում, պարեր, խաղեր – ձևավորել երեխաների կատարողական ունակությունները, երաժշտության տակ կատարվող ռիթմիկ շարժումների արտահայտչականությունը, պարերում և երաժշտական խաղերում իմպրովիզացիոն շարժումներ կատարելու կարողությունը:

 

Մանկապարտեզի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: «Մինչև այսօր» ասելով՝ նկատի ունենք մեզ մոտ կիրառված դաստիարակության՝ դարերի փորձը: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի «նորմուծություններին»: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:  Ժողովրդական դպրոցի շնորհիվ է, որ հունգարացիները աշխարհը զարմացրին երաժշտական կրթության իրենց արդյունքներով: Այդ առումով Կոմիտասն ասել է. «Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներու մեջ տեղ գրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտության ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա, և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղին մեջ: Ինչքան բաղձալի էր ունենալ այս նպատակով առանձին վարժարան, որի միջոցով մեծ արդյունք կարելի կըլլար ձեռք բերել»:

Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել երգ-երաժշտության դասավանդման համազոր ու հավասար միավորներ:  Երգը պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզչափով ու կշռով լինի: Հետևելով ժողովրդական դպրոցին՝ մենք կողմնակից ենք մանկապարտեզում երգ-երաժշտության ծիսականացմանը: Քնելուց առաջ կարելի է միացնել որևէ ձայնագրված օրորոցային կամ որևէ համապատասխան նվագ, և կամ դաստիարակն ինքը կարող օրոր երգել: Երեխաներին կարելի է արթնացնել անտառի գունագեղ ձայներով (ձայնագրված) կամ զանգակների կանչով: Մարմնամարզությունը պետք անել երաժշտության ներքո, հաց ուտելուց առաջ երեխաները կարող են մի շարք զվարթ կատակային երգ երգել, խաղերը պետք է ուղեկցվեն համապատասխան երգ-նվագով և այլն:

Մեծ օգուտ կարելի է ստանալ, եթե ստեղծվի հատուկ ձևավորված երաժշտական անկյուն: Սենյակում լինելու են զանազան տիպի նվագարաններ: Հարկավոր է հնարավորին չափ այնպես կահավորել, որպեսզի նվագարանները ջարդելու ՙհնարավորություն՚ քիչ լինի: Նվագարանների մի մասը կարող է ամրացված լինել, մի մասը՝ ոչ, բայց բոլորը մի տեղ չպետք է կիտել, այլ սենյակի բոլոր մասերում շաղ տալ, նույնիսկ կենտրոնում առաստաղից որևէ առանձգական թելով կախված լինեն: Նվագարանները կարող են լինել տարբեր չափերի և տիպերի թմբուկներ՝ — շրջանաձև միակողմանի թմբուկ-դափ կամ ղավալ, — ծնծղաշար թմբուկ, — անոթաձև միակողմանի թմբուկ, — գլանաձև և թաղանթ թմբուկ, չխչխկան, զանգակներ  և այլն: Երեխաներին այդ երաժշտական սենյակում պետք է ազատություն տալ: Նվագարանների թիվն անհրաժեշտության դեպքում կարելի ավելացնել: Դաստիարակները չպետք է բողոքեն այն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Ուրեմն, երգ-երաժշտության դասավանդումը կախում ունի այն բանից, թե ինչպես է կազմակերպվում մանկան առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ միայն օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերին ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և նվագը կիրառել ամենուր: Այսպես. մանկապարտեզում երբ որ կազմակերպվում է գարնան տոն, պիտի երգել վիճակի երգեր, երգեր գարնան, ծաղիկների, արևի մասին: Եվ այդպես ամեն եղանակին համահունչ: Երգերի ընտրությունը կատարելիս պետք է հիշել հետևյալը. «Պետք է տխուր երգ չտալ երբեք, այլ ամեն ինչ աշխույժ, եռանդ պիտի ներմուծի անոնց հոգիներեն ներս»: Կոմիտաս

Օրինակ՝ Արև, արև եկ, եկ  Փայտե ձիուկ, Նուրին, նուրին-Տամբուրե-Հոպ, թռի -Բասեն բարի-Եկեք ծեծենք սոխն ու սխտոր —Վիճակի երգ և այլն:

Երգի ուսուցման օրինակ. «Արև, արև, եկ, եկ» Ուսուցումը սկսել արևի մասին որևէ հեքիաթ, պատմություն պատմելով կամ հարցերի միջոցով պարզել՝ արևը տղա է, թե՝ աղջիկ, ինչպիսի ձև ունի, ինչ հատկություն ունի, ինչ գույնի է, որն է արևի դերը մեզ և բույսերի համար, և այլն: Սահուն անցում կատարել և երգել երգը: Եթե հարկ լինի՝ բացատրել առանձին բառերի, արտահայտությունների իմաստը: Ապա երգի ռիթմով արտասանել. — Ա – րև, ա – րև, եկ, եկ: Սաները, ռիթմի մեջ, առանց ընդհատելու, կրկնում են: երաժիշտը, ռիթմի մեջ, առանց ընդհատելու, երգի ռիթմով արտասանում է մյուս հատվածը. — Զի — զի քա — րին վեր եկ: Սաները նորից, ռիթմի մեջ, առանց ընդհատելու, կրկնում են: Եվ այսպես՝ մինչև քառատողի վերջը: Ապա, առանց ընդհատելու, նույն կերպ ուսուցանվում է քառատողը՝ երաժշտության հետ: Նորից, առանց ընդհատելու, երգում են քառատողը: Այսպես, անընդմեջ, ուսուցանվում է ամբողջ երգը՝ մաս – մաս ուսուցանելով և ընթացքում իրար միացնելով: Եթե կատարման մեջ սխալ է նկատվում, չի ընդհատվում, ուղղվում է՝ ճիշտ կատարելով տվյալ հատվածը և , նորից, երգի ռիթմի մեջ, կատարվում ուսուցանված նախորդ հատվածի հետ:

Ուսուցումը հնարավորինս չի ընդհատվում: Երգի ուսուցման այս եղանակը թույլ է տալիս աշխատել արագ և արդյունավետ: Երեխաները չեն հոգնում, չեն կենտրոնանում սխալի վրա, չեն ներփակվում և հիմնական ուշադրությունը բևեռում են ճիշտ կատարման վրա: Շատ կարևոր է բառերի հստակ, մաքուր, պարզ արտաբերումը երգելիս: Երգեցողությունն իրականացվում է հիմնականում ձայնավորների միջոցով: Ձայնավորները պետք է ճիշտ և մաքուր հնչեն: Ուսուցումը կարելի է իրականացնել ինչպես որևէ նվագարանի նվագակցությամբ, այնպես էլ` առանց դրա:

 Երգը ամրապնդելու նպատակով օգտագործվում է

երգի ձայնագրությունը,

կարաոկեն,

* տեսահոլովակը:

Ուսուցումից հետո միայն ուսուցանված երգը կրկնել, ամրապնդել

Ծափով կատարել երգի ռիթմիկ պատկերը: Նույնը կատարել ծնկերին հարվածելով կամ ոտքերով դոփելով: Երգը երգել «բնական նվագարաններ»-ի ուղեկցությամբ: «Բնական նվագարաններ»-ը փոխարինել հարվածային նվագարաններով (փայտեր, շրխկաններ և այլն): Խաղերգերը, բնականաբար, անպայման ազգային մշակույթի լավագույն նմուշներից են, որոնք կարելի է կատարել՝ հենվելով ինչպես տեքստի, այնպես էլ մանկան ընկալունակությամբ ու զգացողությամբ ստեղծածի վրա: Խաղերգն ուսուցանելիս կարելի է համատեղել խաղը, եթե այն հեշտ է և հնարավորություն է տալիս միանգամից խաղալով կատարել: Այդպիսի խաղերգերից է Էկեք ծեծենք սոխ ու սխտոր պահքի ծիսական երգը, որը շատ հետաքրքիր ու լավ նմուշ է՝ նախակրթարանում սաների հետ խաղալու համար:

Բնության երևույթների, կենդանիների մասին երգերն ուղեկցվում են

կենդանու շարժումները, տեսքը նմանակելով,

* կենդանու, բնության տարերքի ձայնը նմանակելով

* ռիթմիկ նվագակցությամբ (շրխկան, հարվածային, «բնական» նվագարաններ),

* փոքրիկ ներկայացմամբ, որտեղ կարելի է օգտագործել վերը թվարկվածներից ցանկացածը:

Ծիսական երգերի կատարումն ուղեկցվում է ծեսին համապատասխան ծիսական գործողությունների այն չափով, որքան այդ տարիքի երեխան կարող է ընկալել և կատարել:

2.3 Ունկնդրում

Ունկնդրումը հարկավոր է կազմակերպել այնպես, որ երեխան կարողանա ոչ միայն լսել, այլև ընկալել ստեղծագործությունը: Ունկնդրումը սկսվում է դեռ նախակրթարանից, որտեղ պետք է հստակ իմանալ` ինչ չափով և երբ մատուցել ծրագրով նախատեսված երաժշտությունը: Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից է քնի ուղեկցումը երաժշտությամբ («Բարի գիշեր, փոքրիկներ»), ուղեկցումը երաժշտա-ռիթմիկ խաղերով, շրխկան և բնական նվագարաններով ուղեկցումը(«Ուրախ շրխկաններ»

Ունկնդրվող նյութեր

1. Հայկական ազգային երգեր և պարեղանակներ

2. Կոմիտասի ստեղծագործություններից

3. Համաշխարհային դասական, հայ կոմպոզիտորների երաժշտության լավագույն նմուշներ՝ մատչելի նախադպրոցական տարիքի սաներին

Օգտագործվում են.

* ձայնագրություն,

* տեսաֆիլմ,

* ուսումնական կամ այլ նյութ, որն ուղեկցվում է ունկնդրման համար նախատեսած երաժշտությամբ:

Աղբյուրները.

* համացանց, երաժշտական կայքեր,

* ձայնադարան

* դաստիարակի բլոգ

* անձնական կամ այլ անձանց երաժշտական ստեղծագործությունների հավաքածու

2.4 Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Ծեսերը, ծիսական, ազգային խաղերը, արդյունավետ են երեխայի ճանաչողական, մտավոր և ինչու չէ ֆիզիկական զարգացման  համար: Նախակրթարանում գործունեությունը առավել հարմար է կիրառել խաղի ձևով:Ներկայացված աշխատանքներում նեռառված են ծիսական, ազգային
խաղերի նկարագրությունները, կատարման ձևերը: Ցավոք մեր օրերում այդքան էլ պահպանված չէն մեր այզգայինը ու այս նախագիծը օգտակար կլինի թե սաների, թե դաստիարակի և թե ծնողների համար: Մեր օրերում տեղ են տրվում նորամուծություններին: Բայց այդ նորամուծությունները կարելի է կատարել ավանդականը պահպանելով և արմատներից չհեռանալով: Նախակրթարանում երեխան ամեն բան տեսնում և ընկալում է այնպես, ինչպես մենք ենք ներկայացանում և սովորեցնում: Նրա երևակայության, հոգու մեջ մտնում է ստացաց առաջին տպավորությունը ուստի ամեն ինչ պետք է անել հնարավորինս ճիշտ և որակով: Պետք է ընտրել այն երգը, պարը, խաղը, որը մաքսիմալ լավագույնն ու ազգայինն է: Խաղերը նպաստում են երեխայի թե մտավոր թե ֆիզիկական զարգացմանը: Զարգանում է նրա շարժողականությունը, ինքնուրույն աշխատելու կարողությունը լսելու կարողությունը, երևակայությունը: Երեխան խաղալիս կարողանում է ստեղծել խաղի իր
տարբերակը: Խաղում է այնպես, ինչպես կարող է, ինչպես ինքն է ուզում: Ով միայն երեխայի հետ խախալուց է պարզ դառնում, թե ազգային խաղերն իջքան պահանջված ու ցանկալի են նրանց համար:

  

Այսօր, միայն գյուղական վայրերում, գուցե կարելի է տեսնել  ծիսական խաղերի մի մաս: Բայց ընդհանուր առմամբ այո ծեսերն անցկացվում են, բայց քչերը գիտեն դրանց իմաստն ու նշանակությունը: Ծեսը խաղարկվում է ոչ թե մեկ տարիքային խմբում, այլ տարատարիք սովորողների, դասավանդողների, դասվարների, սաների, դաստիարակների, ծնողների հետ միասին: Մեծերը ստեղծում են ծիսական միջավայր՝ ծիսական պարագաներով, ծիսական կերպարներով, ծիսական գործողություններով, ծիսական կերակրատեսակներով, տարվա եղանակին բնորոշ մրգերով: Այդ միջավայրում  մանուկն ունի իր տեղն ու դերը, որտեղ խաղարկում է ծիսական գործողություններ, խաղում ինչպես ծիսական, այնպես էլ՝ մանկական խաղեր, որտեղ օգտագործվում են տվյալ ծեսին բնորոշ պարագաներ, ինչպես, օրինակ.  Ամանորին՝ ընկույզ,  Զատիկին՝ ձու,  Համբարձմանը՝ ծաղիկ, և այլն: Այսինքն, մանկանը ծեսի մեջ ներառելու լավագույն արդյունավետ միջոցը խաղն է: Երեխան ճարպիկ է, գործունյա, անվախ, ուժեղ, խելացի: Միայն այդպիսի հատկություններ ունեցողը կարող է ոչ միայն գոյատևել այդ միջավայրում, այլև լիարժեք անդամը լինել:

Խաղի միջոցով լուծվում են խնդիրներ, զարգանում է մանկան թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ հոգևոր զարգացման արժեքները: Ինչպես նաև մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը, մկանները, ճիշտ կողմնորոշվելու, շարժումներին տիրապետելու կարողությունը, հարստացնում է բառապաշարը: Եվ հենց խաղի շնորհիվ կարելի է երեխային ներառել ծիսական միջավայրում: Ծեսն ընկալելու, ըմբռնելու համար, հարկավոր է երեխային բոլոր հնարավոր ձևերով ներգրավել ծեսի մեջ: Ներառել նախապատրաստման գործընթացին, ծիսական միջավայրի ստեղծմանը, միասին պատրաստել ծիսական պարագաներծիսական կերակուրներ, սովորել ծիսական ազգային երգեր : Գործունեությանը հարկավոր մասնակից դարձնել  բոլորին՝ իրենց կարողությունների սահմաններում: Այս դեպքում մանուկը, ինչպես նաև մեծը, կլինի ծեսն իմացող, կրող, փոխանցող:

 

Նախակրթարանում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ ծեսեր, տոներ: Խնդրի իրագործման համար սաները.

սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ,

* նկարում են

ա. ծիսական հերոսներին,

բ. ծիսական պարագաներ,

* պատրաստում են ծիսական պարագաներ դաստիարակի, ծնողի օգնությամբ,

խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր,

* բեմականացնում են երգեր,

* կատարում են բնագիտական փորձեր,

* գնում են ուսումնական ճամփորդության,

* հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք,

* վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Սանը, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով՝ յուրացնում է ծեսը:

  

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

* նյութի յուրացում

կարողությունների դրսևորում,

* խոսքի զարգացում,

* տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),

* գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,

* ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից:

Այս աշխատանքները նպաստում են.

* երեխայի բառապաշարի հարստացմանը,

* մտածողության ձևավորմանը,

* ստեղծագործական երևակայության զարգացմանը,

* ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,

* բավարարվում է նրա ինքնահաստատման – ինքնադրսևորման պահանջը,

* ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,

* զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),

* ավելի մոտիկից ճանաչելու իրենց դաստիարակներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին:

 

Սանը կիմանա

* ազգային ծեսը,

* ազգային սովորույթները,

* հայկական ժողովրդական և ծիսական երգերը,

* ծիսական կերպարները,

* ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,

* ծիսական կերակրատեսակները,

* ծիսական պարագաները:

Սանը կկարողանա

երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,

պատրաստել ծիսական պարագաներ,

խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր:

Սանը կլինի

* ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

 Image may contain: 12 people, including Ô»Õ¶Õ£Õ¡ Ô±Õ¶Õ¿Õ¸Õ¶ÕµÕ¡Õ¶ and Vard Osipova, people smiling, people standing and child

2.5 Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ խաղեր

Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժությունների նպատակը սովորողների երաժշտական ունակությունների, ռիթմի զգացողության զարգացումն է, հնչյունի տևողության ճիշտ կատարումը:

Վարժություն ձայնավորներով

Երեխաներին առաջարկել նույնը կատարել ձայնավորներով: Նախ, որոշում են, թե որ ձայնավորը ձեռքերի պայմանական ինչ ժեստով է ցույց տրվելու.

ա՜ — ձեռքերը կրծքից քիչ հեռու, ափերը նայում են դիմաց

ո՜ւ — ափերը դեպի ներքև

ի՜ — ափերը «նայում» են իրար` մատները վերև

օ՜ — բութ մատը միանում է ցուցամատին` դառնալով օղակաձև, մյուս մատները վերև են պարզած

մ՜ — միջնամատը, ցուցամատն ու բութ մատը մոտեցրած են իրար (ձայնը արտաբերվում է փակ բերանով)

է՜ — բութ մատը ցուցամատի հետ ցույց է տալիս ուղիղ անկյուն, մյուս մատները ծալված են:

 

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր, շարժուն խաղեր

«Բնական», շրխկան և հարվածային նվագարաններ
«Բնական նվագարաններ»-ը մեր ձեռքերն ու ոտքերն են, որոնցով կատարում ենք՝
մատների ճթթոց
ծափ
հարված ծնկներին
ոտքերով հարված գետնին
Հարվածային նվագարանների դերում կարող են հանդես գալ փայտիկները,
կարկաչաները, տարբեր հնչողության շրխկանները, ինքնաշեն շրխկանները, ճեռերը,
փայտյա և մետաղե գդալները, դափերը, թմբուկները, զանգակները և, ընդհանրապես,
այն ամենը, ինչը կշրխկա, կզնգա, կթխկա և այլն:
Նրանցով կարելի է նվագակցել երգին, ունկնդրվող երաժշտությանը, կատարել
ռիթմիկ վարժություններ, խաղարկել խաղեր: Կարելի է հետաքրքիր երկխոսություն
կատարել ինչպես զույգերով, այնպես էլ խմբերով: Բեմադրություններին կարելի է
օգտագործել տեմբրային տարբեր հնչողություններ: Ստեղծագործող և
երևակայություն ունեցող դաստիարակի համար մեծ ջանք չի պահանջվում տեղին և
հնարամիտ օգտագործել դրանք:

«Չիք-չիք, աղամ»
Խաղը խաղում են երկու խմբով:
Առաջին խումբ — Չիք, չիք, ի՞ նչը չիք:
Երկրորդ խումբ — Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում են և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում)
այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող,
չար:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
— Աղամ, աղամ, ի՞ նչը աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
— Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
— Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այլն:

«Խնոցի, հարոցի»
Խաղում են.
Երկուսով, յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր դաստակից: Կանգնում են իրար
դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է դիմացինի աջ դաստակից: Նրանք
դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է նրանց ձեռքերին, իր ձեռքերով
փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու արտասանում կրկնակն ու
առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային ու, ծափ տալով, ասում.
«Տփեցի»:

Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ —
գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ
շարժումով առաջ ու ետ տանելով, ասում են.
կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին – Հոփփը, լըփփը (կրկնում են 6 անգամ)
Զըմփը, դըմփը (6անգամ)
Ծափը, ծըփը(6անգամ)
1. — Խնոցի,
— Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:
2. -Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
3. — Խնոցի,
— Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:
կրկնակ.-
Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի
ավարտից անմիջապես հետո, երգում են «Հարի, հարի, խնոցի» երգը:

«Խնոցի, հարոցի» 
Խաղում են զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեքերի մատներն իրար հագցրածած,
ոտքի մեկն առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ
գնալ — գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ
շարժումով առաջ ու ետ տանելով, ասում են.
-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

«Եկեք ծեծենք»
Երեխաները բաժանվում են երկու խմբի: Երգը կատարվում է խաղի նման:
Խաղում են զույգերով` երգի ռիթմով նշված մարմնի մասով իրար թեթև խփելով:
Կարող են խաղալ նաև առանձին: Կարելի է կատարել հետևյալ տարբերակներով.
— առաջին խումբը հարցնում է, երկրորդը պատասխանում,
— մեկ անգամ հարցնում է մի խումբը, մյուս անգամ` մյուսը,
— հարցնում է մեկը, պատասխանում` խումբը, և հակառակ:
Բացի տեքստում նշվածից, կարելի է ավելացնել.
մեջքով
ուսով
կողքով
փորով
դնչով և այլն

«Տիտոխիկ»
Սա մանկական հաշվերգի շատ հետաքրքիր և ինքնատիպ նմուշ է:
Երեխաները կանգնում են շրջանաձև: Նրանցից մեկը մտնում է շրջանի մեջ: Երգի
ռիթմով թռչկոտելով, սկսում է երգելով հերթով հաշվել երեխաներին: Ով հաշվի մեջ
վերջինն է` դուրս է գալիս շրջանից: Այսպես հաշվում են, մինչև մնում է մեկ երեխա:
Վերջին խոսքերի հետ կարող են ձեռքերով ցուցադրել թռչունի թևեր և թևերը վեր
բարձրացնելով, թռցնել թռչունին:

3.1 Եզրակացություն

Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման գործում կարևոր տեղ ունի երաժշտական դաստիարակությունը: Երաժշտության կիրառումը նախակրթարանում նպաստում է երեխայի խոսքի զարգացմանը: Աշխատում և զարգանում է լսողական զգայարանը: Ընդլայնվում է ճանաչողական աշխարհը՝  շրջակա միջավայրի հանդեպ պատկերացում: Ծիսական արարողությանը, նախապատրաստական աշխատանքներին  մասնակից լինելով սովորում և ճանաչում է իր ազգային մշակույթը՝տարիքին համապատասխան գործողություններին մասնակից լինելով: Խաղը կարող է դառնալ ծիսական միջավայրում ներառվելու միջոց: Զարգանում է մտքի ճկունությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինքնուրույն աշխատելու, վերլուծելու կարողությունը, հարստացնում է բառապաշարը:

 

 3.2 Օգտվեցի

Մարինե Մկրտչյանի բլոգ 

Մովսիսյան Նունե Ծիսական տոնացույց 

Կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյան

(Մեջբերումը՝ «Դաստիարակի ուղեցույց», Այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը»

գրքից, հեղինակային խումբ՝ Ռ. Ծառուկյան, Հ. Միտոյան, Լ. Սմբատյան, Ն. Նիկողոսյան)

Զատիկ

Տրնդեզ

Բարեկենդան

Համբարձում

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s